«Անցյալ տարի Հրանտ Վարդանյանը լրագրողների հետ իր վերջին հանդիպման ժամանակ ասաց, որ մյուս տարի որդիներն են անելու «Գրանդ Հոլդինգի» տարեկան ասուլիսը: Դրա համար մենք այսօր այստեղ ենք: Մենք շարունակում ենք Հրանտ Վարդանյանի գործը և շարունակում ենք այնպես, ինչպես ինքը կցանկանար»,- լրագրողների հետ հանդիպումն այս խոսքերով սկսեցին «Գրանդ Հոլդինգ» ընկերության սեփականատերեր ԿԱՐԵՆ և ՄԻՔԱՅԵԼ ՎԱՐԴԱՆՅԱՆՆԵՐԸ, փաստելով, որ ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ 2014-ին «Գրանդ Հոլդինգ» ընկերության ձեռնարկությունները արձանագրել են տնտեսական աճ:
Կարեն Վարդանյանի փոխանցմամբ՝ 2014-ին «Գրանդ Հոլդինգը» արտահանման ոլորտում դարձել է Հայաստանի պատրաստի արտադրանքի ամենախոշոր արտահանողը: Անցյալ տարի արտահանել են 1370 տոնա հրուշակեղեն և քաղցրավենիք՝ մեկ տարում գրանցելով 65 տոկոս աճ: Միքայել Վարդանյանը հավելեց, որ աննախադեպ ցուցանիշ է գրանցվել ծխախոտագործության ոլորտում. արտահանվել է 1063 կոնտեյներ սիգարետ, որը չորս անգամ ավելի է Հայաստան ներմուծած արտադրանքից: Ընկերության ծխախոտի արտադրանքի 80 տոկոսն այսօր արտահանվում է: Ավելացվում են չորացման խցիկները գլխավորապես այն տարածքներում, որտեղ ստանում են բարձր որակ, դրանք են՝ Լեռնային Ղարաբաղը և Տավուշի մարզը: Փոխարենը քչացնում են Արարատյան դաշտավայրի չորանոցները, քանի որ այստեղ խնդիր կա հողի և ջրի քիմիական բաղադրության հետ կապված:
Նշենք, որ «Գրանդ Հոլդինգը» 2014-ին կատարել է 15 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք ներդրում, ինչը 2013-ի համեմատ 3 միլիոն դոլարով ավելի է: Ավելացել են նաև վճարված հարկերը. 2013-ին վճարել են 21 միլիարդ 267 միլիոն դրամ հարկ, 2014-ին՝ 25 միլիարդ 84 միլիոն դրամ՝ 18 տոկոսով ավելի: Արտադրանքի արտահման արդյունքում ավելացել են նաև աշխատատեղերը (2014-ին աշխատողների թիվն ավելացել է 331-ով՝ կազմելով 7081): Ընկերության սեփականատերերը նպատակ ունեն նաև կառուցելու նոր արտադրամասեր, նոր շինություններ, որ կարողանան ընդլայնել արտադրական ծավալները:
«Իրատես de facto»-ի՝ «Գրանդ Հոլդինգ» ընկերությունն ունի՞ այսօր որակյալ մասնագետների խնդիր» հարցին ի պատասխան Կարեն Վարդանյանն ասաց, թե որակյալ մասնագետների կարիք միշտ կա, ու ոչ միայն «Գրանդ Հոլդինգ»-ում, այլև ամբողջ երկրում. «Աշխատատեղերի հայտարարությունները տարիներ շարունակ փորձել ենք հասցնել մեր բոլոր քաղաքացիներին: Վերջին ամիսներին նույնպես լրատվամիջոցներով տարածել ենք հայտարարություն, որ մեզ պետք են աշխատողներ: Ցուցակը մեծ էր՝ սննդի տեխնոլոգ, փականագործ, օպերատոր-կարգավորող, ինժեներ-մեխանիկ, վաճառողուհի, առաքիչ, վարորդ, բանվոր, հավաքարար: Եթե որևէ մեկը ցանկանա աշխատել, ես վստահեցնում եմ, որ անպայման կգտնի աշխատանք մեր ընկերությունում: Ամենակարևորը, մեզ մոտ աշխատանքի անցնելու համար բարեկամ, ծանոթ, ընկեր ունենալու կարիք չկա: Հարցաթերթիկը լրացնում են, հարցազրույցն անցնում են և ընդունվում»: «Գրանդ Հոլդինգը» հայրենական արդյունաբերության ոլորտում ամենախոշոր կոլեկտիվն է: Նպատակ կա այն դարձնելու վերազգային, ունենալու արտադրանք, որ կներկայացվի ամբողջ աշխարհում: Խոսքը երկարատև և դժվար նախագծի մասին է: Կարեն Վարդանյանն ընդգծեց, որ Հայաստանի պատմության մեջ առաջին վերազգային ընկերության ստեղծումը Հրանտ Վարդանյանի վերջին ցանկությունն էր:
Հարց հնչեց որակյալ սարքավորումների և դրանց միջոցով որակյալ արտադրանք ստանալու մասին: Միքայել Վարդանյանը հետաքրքիր դեպք հիշատակեց. Դուբայում անցկացվող ցուցահանդեսի ժամանակ լսում է, ինչպես արաբական երկրների ներկայացուցիչն ասում է՝ չորս տարի առաջ, երբ «Գրանդ Տոբակո» և «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակը» մտան մեր շուկա, մտածում էինք՝ լավ որակի ծխախոտ է, որոշ ժամանակ անց որակը կընկնի ու շուկայից դուրս կգա, բայց ամեն տարի որակը բարձրանում է:
Ի՞նչ հեռանկարներ է բացում ԵԱՏՄ անդամակցությունը: Անդրադառնալով այս հարցին՝ Կարեն Վարդանյանը կարծիք հայտնեց, որ յուրաքանչյուր գործարար պետք է օգտագործի այդ հնարավորությունը. «Դա անսպառ շուկա է: Մենք դեռ ուսումնասիրում ենք օրենքները, միջոցները շուկայից օգտվելու: Ժամանակ է պետք, որ լիարժեք գնահատական տանք, թե մեր տնտեսությանն ի՞նչ օգուտ կտա ԵԱՏՄ-ն: Բայց առաջընթաց անպայման լինելու է»:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ